Շոկինը միակը չէր, ում Իոսիֆյանը կարողացել էր հանել ստալինյան բանտերից ու մահվան խցերից: Ազատվածներին նա հիմնականում ուղարկում էր Հայաստան՝ գիտության ու արդյունաբերության ոլորտներում աշխատելու համար: Այդպես Հայաստանում հայտնվեցին «Հայէլեկտրո» միավորման գլխավոր մասնագետ, ակադեմիկոս Վադիմ Ալեքսեևսկին ու Հայաստանում անուն վաստակած մյուս օտարազգի (հիմնականում հրեա) մասնագետները:
Հարց՝ մոգական ի՞նչ ուժի շնորհիվ էր, որ ստալինյան բռնապետության ամենադաժան տարիներին ծագումով հայ և իր ծագումը երբեք չթաքցրած մարդուն հաջողվել էր խառնվել պետական ռեպրեսիվ ապարատի գործերին, ինչպե՞ս էր հասել դրան: Այդ ֆենոմենի գաղտնիքը նա անձամբ ինձ է պատմել, հարկ եմ համարում այն ներկայացնել մեր ընթերցողներին՝ համառ ու անկոտրում կամք ունեցող ղարաբաղցուն ավելի լավ ճանաչելու և գնահատելու համար:
30-ական թվականներին Մոսկվայի մետրոյի «Լերմոնտովսկայա» կայարանի մոտ գտնվող ու ցարական ժամանակներում կառուցված մի առաձնատան տարածքում Իոսիֆյանը կազմակերպել էր իր գիտական լաբորատորիան, որը մասնագիտացված էր ռազմական տեխնիկայի ստեղծման գործերով: Մի օր կուսակցության Մոսկվայի քաղաքային կոմիտեն որոշում է ընդունում, որ այդ շենքը պետք է ազատել ու տրամադրել Մոսկվայի քաղաքային կոմիտեին: Իոսիֆյանը համառում է, Մոսկվայի քաղկոմի որոշումը չի կատարում, շենքը չի ազատում (ինձ համար էլ է դժվար պատկերացնել, թե 37 թվերին մարդը որքան ղարաբաղցի պետք է լիներ, որ դեմ գնար կոմունիստական կուսակցական որոշումներին ու կուսակցական դիսցիպլինային, Վ. Հ.):
Լուրը հասնում է Ստալինին։ Այդ ո՞վ է եղել, ով համարձակվել է չկատարել կուսակցության քաղկոմի որոշումը: Նրան հրավիրում են Ստալինի մոտ:
-Կամ հետ չեմ գալու, կամ շենքը չեմ հանձնելու,- ասացի տնեցիներին, հավաքեցի կապոցս ու դուրս եկա տնից, մտա մոտակա գրախանութը, գնեցի Ստալինի պորտրետը, ռուլոնի ձևով փաթաթեցի ու գնացի Կրեմլ: Ստալինի օգնականը հայտնեց, որ ընկեր Ստալինը ինձ է սպասում: Ներս մտա ու կանգնեցի դռան մոտ: Ստալինը շրջվեց ու խիստ տոնով հարցրեց.
-Այդ դու՞ ես, որ չես կատարում Մոսկվայի քաղկոմի որոշումը:
-Ի՞նչ քաղկոմ, ի՞նչ որոշում, ընկեր Ստալին, դա հին բուրժուաներն են հավաքվել ու ցանկանում են հետ վերցնել իրենց նախկին ապարանքները, մենք այնտեղ կարևոր գործեր ենք անում:
-Ի՞նչ եք անում,- հարցրեց Ստալինը:
-Մենք ստեղծում ենք հակատորպեդային նոր ականներ:
-Էլ ի՞նչ կարող եք անել,- հանգիստ տոնով հարցրեց Ստալինը:
Ես պատմեցի մեր մյուս նախագծերի մասին:
-Էլ ի՞նչ է պետք ձեր գործերի համար,- հարցրեց Ստալինը:
-Շնորհակալ ենք, եղածը բավարար է,- պատասխանեցի ու ոգևորված դուրս եկա առանձնասենյակից: Դուրս եկա ու հիշեցի Ստալինի նկարի մասին, հետ վերադարձա: Ստալինը զարմացած նայեց ինձ ու հարցրեց.
-էլ ի՞նչ է պատահել:
Ես ռուլոնը բացեցի, Ստալինի նկարը փռեցի սեղանին ու խնդրեցի, որ նա ստորագրի:
-Ա՛խ, այս խորամանկ հայերը,- ասաց Ստալինը, ստորագրեց նկարի տակ ու ես դուրս եկա:
Ստալինի ստորագրությամբ այդ նկարը մշտապես փակցված է եղել Իոսիֆյանի աշխատասենյակում ու երբեք, կուսակցական ոչ մի ղեկավար համարձակություն չէր ունեցել Իոսիֆյանի որոշումներին դեմ գնալու, նրա հետ գլուխ դնելու, չհամաձայնելու նրա որոշումներին կամ «վերևից» խոսելու: Այդպիսին է եղել ակադեմիկոս Անդրանիկ Իոսիֆյանը. միշտ համարձակ, տաղանդավոր ու շատ կողով՝ իսկական ղարաբաղցի: Հայրենասիրությունը նրա թուլությունն էր:
Իոսիֆյանի հետ ես աշխատանքային շփումներ եմ ունեցել 1978-82 թվականներին, երբ նա գալիս էր Աբովյանի «Պոզիստոր» ԳԱՄ ու մեր օգնությամբ փորձում էր լուծել «Մետեոր» արբանյակների սնուցման համար նախատեսված ֆոտոպանելների բազային էլեմենտների որակի ապահովման ու հուսալիության բարձրացման խնդիրները: Անհավանական, սակայն փաստ էր, որ նման հարցերում մենք Աբովյանում հասել էինք այնպիսի մակարդակի, որ հավասարը չունեինք ոչ միայն ԽՍՀՄ-ում, այլև աշխարհում: Նրան դուր էին եկել մեր լաբորատորիաներում նախագծված դիագնոստիկ սարքերը, որոնց միջոցով հնարավոր էր, մինչև տիեզերք ուղարկելը, չափել ֆոտոէլեմենտների էլեկտրաֆիզիկական պարամետրերն ու գնահատել պատրաստի սարքերի հուսալիության աստիճանը դեռևս արտադրության պրոցեսում: Ես և իմ աշխատակիցները Իոսիֆյանից շատ բան սովորեցինք, նրա մեջ ծայրաստիճան զարգացած էին ինժեներական մտածողությունը, ինժեներական ինտուիցիան, ինժեներական ենթագիտակցությունը, մի խոսքով, մինչև ուղն ու ծուծը ինժեներ էր, հաճելի գործընկեր ու զրուցակից: Կյանքի վերջին տարիներին Իոսիֆյանը ցանկանում էր մի ընդհանուր բանաձև ստանալ և տեսականորեն գտնել էլեկտրական ու մագնիսական դաշտերի փոխազդեցության մաթեմատիկական հավասարումը՝ փորձարարական երկարատև ու ծախսատար աշխատանքները տեղափոխելով թղթի վրա, ավարտին չհասցրեց:
-Գոնե 70 տարեկան լինեի,- մի անգամ, թեյի շուրջ մեր զրույցի ժամանակ, ափսոսանք հայտնեց Իոսիֆյանը։
Հասկանում էր, որ կյանքը վերջ ունի, ժամանակը չի ներելու: 1995 թվականին Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում նշում էինք Անդրանիկ Իոսիֆյանի ծննդյան 90-ամյակը։ Շատերը ելույթներ ունեցան, նրա կյանքից տարբեր դրվագներ հիշեցին, գովեստի խոսքեր ասվեցին, բայց եղավ նաև ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի անհասկանալի, ոչ տեղին ելույթը:
-Իր կյանքի վերջին տարիներին Իոսիֆյանը խելքը թռցրել էր, ուզում էր գտնել մի միասնական բանաձև, որը արտահայտեր էլեկտրական ու մագնիսական դաշտերի փոխազդեցությունը,- քունքի մոտ ցուցամատի հայտնի ժեստը ցույց տալուց հետո ակադեմիկոսը շարունակեց,- ասում էի, որ դա հնարավոր չէ, չէր համաձայնվում:
Ռադիկ Մարտիրոսյանից հետո հանդես եկան ևս մի քանի ակադեմիկոսներ՝ հիշելով Իոսիֆյանի կյանքի բացասական դրվագները: Այդպիսի ելույթները տեղին չէին ու ես որոշեցի դաս տալ մեր ակադեմիկոս ընկերներին:
-Չե՞ք ամաչում, այդ մեծ հայի մասին ինչե՞ր եք խոսում, դուք պետք է հիշեիք, թե Իոսիֆյանը ինչ է արել անձամբ ձեզ համար, թե ինչպես ձեզ Մոսկվա տարավ, ասպիրանտուրաներ ընդունել տվեց, ձեր գիտական կարիերան լավագույնս դասավորեց, դժվար է պատկերացնել ձեր ապագան առանց Իոսիֆյանի օգնության, և այսօր, ակադեմիկոսներ դարձած, նրան քննադատում եք: Երբ, օրինակի համար, ակադեմիայում Ռադիկ Մարտիրոսյանի տնօրեն մնալու հարցն էր քննարկվում, Իոսիֆյանը դեմ գնաց, թե` մեր խոխան ա, թող մնա աշխատի։ Իսկ դուք ասում եք..., խոսելու բան չունեք, բայց ասում-խոսում եք, դեռ պետք է հասկանալ թե ո՞վ և ինչու՞ է խելքը թռցրել, ես ավելի կոնկրետ առաջարկ ունեմ, եկեք այս հավաքի ավարտին մի կարևոր որոշում ընդունենք, դիմենք Հայաստանի իշխանություններին, որ մեր անվանի գիտնականների արածը արժանի ձևով գնահատելու, նրանց հիշատակը հավերժացնելու նպատակով Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանը վերանվանվի և կոչվի «Իոսիֆյան» կամ «Ակադեմիկոս Իոսիֆյան»՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ հարակից գործարանների մեծ մասը կազմակերպվել է Անդրանիկ Իոսիֆյանի շնորհիվ ու անձնական նախաձեռնությամբ, այդ կայարանը կպած է Երևանի կաբելի գործարանին, մի քիչ այն կողմ «Անի» ԳԱՄ-ի գործարաններն են և այլն:
Իմ ելույթը սառը ցնցուղ դարձավ Իոսիֆյանի հոբելյանական միջոցառմանը մասնակցող գիտնականների, ակադեմիկոսների ու պետական պաշտոնյաների համար, իմ առաջարկությունը անգամ քննարկման չդրվեց: Ռադիկ Մարտիրոսյանն այնքան էր վիրավորված, որ, տարիներ անց, մերժեց «Երկրների հելիոֆիկացիա» ծրագիրը ակադեմիայում քննարկման դնելու իմ խնդրանքը։ Կատարվածն ակադեմիայի պրեզիդենտի փոքրիկ վրեժն էր՝ իմ նկատմամբ, իմ ելույթի նկատմամբ, նման միջոցառումներին ինձ այլևս չեն հրավիրում: Ճիշտ է, հետագայում, երբ ես ակադեմիայի պրեզիդենտից պաշտոնական հիմնավորում պահանջեցի, հելիոֆիկացիայի ծրագիրը քննարկման դրվեց ակադեմիայի քիմիական բաժանմունքում, ու արժանացավ գիտնականների դրական գնահատականին: Ակադեմիայի պաշտոնական դրական որոշումը պահում եմ իմ աշխատանքային թղթապանակում, համենայն դեպս: «Իոսիֆյան» կայարանի խնդիրը շարունակում է օրակարգային մնալ, հավատում եմ, որ մի օր այն կիրականանա:
Աբովյանում մենք Իոսիֆյանին հաճելիորեն զարմացրինք, երբ նա իմացավ, թե մեզ ինչպես հաջողվեց գտնել Մինսկի «Ինտեգրալի» մասնագետների թույլ տված սխալները և հաղթել փոխադարձ պահանջների թատերաբեմում հայտնված գիտաարտադրական մի կարևոր խնդրում: Աբովյանի «Սիրիուս» գործարանը արտադրում էր տիեզերանավերի էլեկտրոնային սարքերի մեջ օգտագործվող հատուկ «Սալյուտ» տիպի հիբրիդ սխեմաներ, որոնք մշակում էին Զելենոգրադի «Կոմպոնենտ» գիտահետազոտական ինստիտուտի մասնագետները: Որակի և հուսալիության ցուցանիշներով այդ սխեմաները լավագույնն էին՝ էլեկտրոնային արդյունաբերության մեջ և հաջողությամբ աշխատում էին տարբեր տիեզերանավերի էլեկտրոնային բլոկների կազմում: Հետագայում ես կբացատրեմ, թե որտեղ էր, որ ԽՍՀՄ-ի էլեկտրոնային արդյունաբերությունը կորցրեց ԽՍՀՄ տնտեսության լոկոմոտիվի դերը ստանձնելու իրավունքը, ապրեց իր կոմունիստական ֆիասկոն, սկսեց տեղում դոփել՝ կասեցնելով ու արգելափակելով ԽՍՀՄ արդյունաբերության ու ընդհանուր տնտեսության զարգացումը:
Մեր երկրի համար անհաղթահարելի պրոբլեմ դարձավ բարձր հուսալիությամբ էլեկտրոնային սարքերի արտադրությունն այն ժամանակ, երբ ցանկացած զարգացած երկրում այդ ցուցանիշն էր դարձել էլեկտրոնիկան տնտեսության լոկոմոտիվը դարձնելու չափանիշը: Հասկանալով, որ տիեզերական սարքերի համար արտադրվող էլեկտրոնային սարքերի հուսալիության խնդիրը հեշտությամբ ու ընդհանուր հիմունքներով լուծվողներից չէ, Շոկինը 1962 թվականին Զելենոգրադում կազմակերպեց տիեզերական կապի հատուկ նշանակության նորագույն համակարգեր ստեղծող «Կոմպոնենտ» գիտահետազոտական ինստիտուտը: Փաստորեն «Կոմպոնենտը» պետք է իր վրա վերցներ տիեզերագնացության համար բարձր հուսալիության էլեկտրոնիկա ստեղծելու գործը՝ ներառյալ նախագծման, արտադրության ու փորձարկումների անհրաժեշտ պարտականությունները՝ իր ֆունկցիաներով փոխարինելով երկրով մեկ արդեն ձևավորված էլեկտրոնային հզոր արդյունաբերական համակարգին: Մի քանի հազարի հասնող ինժեներներով, գիտնականներով ու բանվորներով սահմանափակված կառույցը չէր կարող դա անել, անել այն, ինչը արդեն հասանելի չէր ԽՍՀՄ էլեկտրոնային, ռադիոէլեկտրոնային ու կապի միջոցների նախարարություններին՝ միասին վերցրած՝ իրենց 5-6 միլիոնի հասնող աշխատակազմերով։ Սա համակարգային բացթողում էր, որը թանկ նստեց ԽՍՀՄ-ում էլեկտրոնիկայի զարգացման վրա, տեղերում կարգ ու կանոն, աշխատանքային պատշաճ մթնոլորտ ձևավորելու փոխարեն ամեն ինչ դրվեց մեկ ինստիտուտի վրա՝ առանց հասկանալու, որ ցանկացած արտադրանքի հուսալիության բարձրացման գործը, պարտադիր կարգով, պետք է անցնի զանգվածային արտադրության ճանապարհով:
«Կոմպոնենտի» հասցեով կատարվող հսկայական ու, իրականում, ըստ պահանջի կատարվող ներդրումները ստիպված էին տրամադրել նախարարությունների մյուս ձեռնարկություններին, որտեղ, Բրեժնևի տարիներին, անկում էր ապրել պետական ու արտադրական դիսցիպլինան, ծաղկում էր արտադրական միջոցների գողությունն ու կոռուպցիան՝ բնականաբար արտադրվող էլեկտրոնային սարքերի որակի ու հուսալիության հաշվին, սա աղետ էր երկրի տնտեսության համար, սա խորհրդային երկրի վերջի սկիզբն էր: Այստեղ պետք է նշել էլեկտրոնային արդյունաբերության կարևոր առանձնահատկություններից մեկը` տեխնոլոգիական նպատակներով ոսկու զանգվածային կիրառությունը:
Անցած դարի 60-ականներին էլեկտրոնիկայի մեջ տեխնոլոգիական հեղափոխություներ տեղի ունեցան. էլեկտրոնային լամպերին (լամպային էլեկտրոնիկա) փոխարինման եկան կիսահաղորդչային սարքերը (կիսահաղորդչային էլեկտրոնիկա), իսկ 70-ականներին կիսահաղորդչային սարքերը փոխարինվեցին միկրոսխեմաներով (միկրոէլեկտրոնիկա), այժմ ավարտին է մոտենում նանոտեխնոլոգիաների էտապը, որին կփոխարինի նեյրոէլեկտրոնիկան և այդպես շարունակ: Տեխնոլոգիական հեղափոխությունների համար ժամ ու պատարագ լինել չեն կարող, երկրների տնտեսությունները պետք է միշտ պատրաստ լինեն ու ժամանակին ընդունեն տեխնոլոգիական հեղափոխությունների ձեռքբերումները, որպեսզի կարողանան ոտքի վրա կանգնած մնալ ու դիմանալ միջազգային ասպարեզում տիրող դաժան մրցակցությանը:
Միկրոէլեկտրոնիկայի բնագավառում խորհրդային երկրի հաջողությունները ակնհայտ էին, բայց երկիրը տեխնոլոգիական նահանջ ապրեց՝ չկարողանալով զսպել ոսկու նկատմամբ պետական ու կուսակցական գործիչների ունեցած ախորժակը: Բանն այն էր, որ միկրոէլեկտրոնային արդյունաբերության մեջ ոսկին հանդիսանում է հիմնական տեխնոլոգիական նյութը, արտադրության տարբեր ցիկլերում օգտագործվում էր գերմաքուր ոսկին, որի հարգը արտահայտվում էր մաքրության 99,9999-տոկոսանոց թվով և որը, բնականաբար, դարձավ արտադրատեխնոլոգիական ցիկլերից կատարվող գողության հիմնական թեման: Հետաքրքիր է իմանալ, որ ատոմային ռումբերի ու հրթիռների մեջ օգտագործվող կիսահաղորդչային սարքերի ու միկրոսխեմաների մեջ ոսկու փոխարեն ալյումին էր օգտագործվում, որը, ցածր խտության պատճառով, ավելի քիչ էր կլանում ռադիացիան ու, քիչ տաքանալու պատճառով, պաշտպանում էր իր աշխատունակությունը՝ ծանր ռադիացիայի պայմաններում, ռադիացիայի նկատմամբ պահպանում էր էլեկտրոնային սարքերի կայունությունն ու բարձր հուսալիությունը:
Այս խնդիրը դրված էր «Ցիկլոն» ԳՀԻ-ի տնօրեն, հետագայում մինիստր Շոկինի տեղակալ Ալեքսանդր Չեռնիշովի դոկտորական դիսերտացիայի հիմքում, որի վրա աշխատել եմ նաև ես՝ կատարելով հետազոտական աշխատանքներ ու պարզելով տիեզերական ճառագայթների ազդեցությունը արբանյակների արտաքին մակերևույթում, կոնտեյներների մեջ տեղադրված կիսահաղորդչային սարքերի վրա: Պահանջված ժամանակահատվածում տիեզերքում մնալուց հետո կոնտեյներները վերադարձվում էին լաբորատոր չափումներ կատարելու համար, նպատակը մեկն էր` պարզել տարբեր տիպի էլեկտրոնային սարքերի աշխատունակության աստիճանը՝ տիեզերական ճառագայթահարման պայմաններում: Այդ կոնտեյներներից մեկի կտորը, որպես հիշատակ մեր համատեղ աշխատանքի և իմ ծննդյան առիթով, ինձ է նվիրել Կորոլյովի տեղակալ Էռնստ Մոլչանովը, ես այն պահում եմ ամենայն սրբությամբ, դա դարձել է խորհրդային տարիներին կատարած մեր հերոսական աշխատանքների խորհրդանիշը:
Տարիները լավն էին, բայց լավագույն տարիները դեռևս առջևում են, երբ, վերջապես, ինձ կհաջողվի այս անճար իշխանություններին բացատրել, որ երկրի կայացման ու հզորացման իրական ճարը գտնվում է մեր ձեռքերում, այն գալու է Հայաստանի ու Արցախի, ապա համայն աշխարհի հելիոֆիկացիայի միջոցով: Հիմա, տասնամյակներ անց, հաճախ ինձ այսպիսի միամիտ հարց եմ ուղղում` ի՞նչ կլիներ, ինչպե՞ս կզարգանար խորհրդային տնտեությունը, ի՞նչ ճակատագրի կարժանանար ԽՍՀՄ-ը, եթե ոսկին չլիներ էլեկտրոնային արդյունաբերության մեջ օգտագործվող հիմնական նյութը, եթե միկրոէլեկտրոնիկայում ոսկու փոխարեն օգտագործվեին, օրինակ, ալյումին, պղինձ, ցինկ կամ ինչ-որ այլ, ոչ թանկարժեք մետաղ: Լամպային էլեկտրոնիկայում ոսկին չէր օգտագործվում, փոխարենը կար վոլֆրամի, ցինկի, կապարի, ինդիումի և այլ ոչ թանկարժեք նյութերի, նաև արծաթի սահմանափակ կիրառություն: Գրեթե համոզված եմ՝ Խորհրդային Միությունը չէր կործանվի, կմնար ոտքի վրա ու կշարժվեր մյուս զարգացած երկրների հետ՝ համաչափ քայլերով ու արագացվող տեմպերով, բայց չդիմացավ, կործանվեց շատերի համար անսպասելի։ Այդ կործանումը, համենայն դեպս, ինձ համար սպասելի էր ու անխուսափելի: Էլեկտրոնային սարքերի հուսալիության վերաբերյալ ինձ մոտ կուտակվող ինֆորմացիան բավարար էր, որպեսզի տեսնեի ու զգայի միկրոէլեկտրոնիկայի բնագավառի տապալումը, լինեի էլեկտրոնիկայի կարևոր ոլորտում տեղի ունեցող վայրիվերումների ականատեսը։ Իմ դիտակետից ԽՍՀՄ կործանումն այնքան պարզորոշ էր երևում, որ հաճախ զարմանում էի, թե ինչպես է դիմանում, չի քանդվում, բայց նաև մտածում էի, որ այն կարելի էր կործանումից փրկել, եթե բոլորը կարողանային աշխատել Արտաշատի մեր «Էլեկտրոնստանդարտ» ԳՀԻ-ի մասնագետների նվիրվածությամբ ու արդյունավետությամբ:
Հիմա, երբ տեսնում եմ Հայաստանի ներկա իշխանությունների կատարած հերթական մանկամիտ քայլերը, հասկանում եմ` մեր երկրի ճակատագիրն էլ է պարզ ու հասկանալի, կործանումը յոթ սարի հետևում չէ, որովհետև մենք չարժանացանք պետականամետ այնպիսի իշխանավորների, ովքեր իրենց պարտքը համարեին իրենց նախորդների ստեղծածի պահպանումն ու հաջորդ սերունդներին փոխանցումը՝ մի քանի բան էլ իրենց կողմից ավելացնելու պայմանով, դա էր լինելու մեր անկախ երկրի ճշմարիտ ուղին: Դա չարվեց, փոխարենը եղավ այդ չարաբաստիկ թալանը, թալան ու մի գլուխ միայն թալան, վերջը չի երևում:
Ցավոք, ԽՍՀՄ-ում տեխնիկական գործերի կառավարման արտոնությունը վստահված էր կուսակցական ու պետական գործիչներին, դրված էր նրանց տրամադրության տակ ճիշտ այնպես, ինչպես դա արվել ու շարունակում է արվել մեր օրերում՝ անկախության բոլոր 30 տարիների ընթացքում: Պրոֆեսիոնալ մասնագետներն ու գիտնականները մշտապես հեռու են պահվում երկրի տեխնիկական քաղաքականությունը մշակելու և վարելու գործերից: Մեր օրերում նման հարցերը լուծվում են Տիգրան Ավինյանի ու նրա մի քանի անտեղյակ զինակիցների քմահաճույքով: Նիկոլ Փաշինյանը շարունակում է պատշաճ մակարդակի վրա պահել այդ տրադիցիաներն ու, դրանով իսկ, խանգարում երկրի տնտեսության կայացմանն ու զարգացմանը, արդյունաբերությունը ճիշտ ռելսերի վրա դնելուն: Եթե Հայաստանի ներկայիս առաջին դեմքը երկու անգամ առիթ է ունեցել անձամբ տեսնելու մեր երկրում մշակված արևային տեխնիկան ու ոչինչ չի հասկացել ոչ արևային տեխնիկայից, ոչ էլ Հայաստանի հելիոֆիկացիայի հակաճգնաժամային ծրագրից, ապա այստեղ առանձնակի սպասելիքներ լինել չեն կարող, ասելիք չունեմ, կարող եմ միայն բացատրել, թե ինչպես է լինում, որ Ռուսաստանի մայրաքաղաքում տարեկան մետրոյի 17 կայարան են բացում, իսկ Հայաստանի մայրաքաղաքում զրո կայարան՝ 30 տարվա ընթացքում: Այսօր Արցախի հելիոֆիկացիան մտել է իմ աշխատանքային առաջնահերթությունների ցանկի մեջ, ծրագրի իրականացման համար կպահանջվի 1,5-2 տարի: ՈՒնեմ նաև ծրագրի իրականացման պահուստային տարբերակներ, մեր հայկական մշակումները կարող ենք ներդնել Ռուսաստանի մարզերում և Չինաստանում: Առաջին հերթին աշխատելու ենք Չելյաբինսկի մարզի մեքենաշինական գործարանների հետ՝ նորընտիր մարզպետ Ալեքսեյ Տեկսլերի միջնորդությամբ:
2019 թվականի սեպտեմբերի 8-ին 46-ամյա Տեկսլերն ընտրվեց Չելյաբինսկի մարզպետի պաշտոնում, սեպտեմբերի 9-ին իմ շնորհավորական գրությունն ու բիզնես առաջարկը դրվեցին նրա սեղանին, արդեն սեպտեմբերի 12-ին Երևան եկավ ու հելիոֆիկացիայի թեմաներով ինձ հետ բանակցություններ վարեց «Уральский завод теплообменного оборудования» խոշորագույն գործարանի սեփականատեր ու գործադիր տնօրեն Նադեժդա Լարիոնովան: Եթե Աստծո կամքով հաջողվի կայացնել մեր նոր մտահղացումը, ապա մենք կկարողանանք լուծել արևային էներգիայի կուտակման խնդիրը, ամռան տապին արևի էներգիան կկուտակենք էներգիայի հատուկ կուտակիչներում՝ ձմեռվա սառնամանիքին օգտագործելու նպատակով: Չելյաբինսկցիների օպերատիվությունը գալիս է ապացուցելու, որ Հայաստանում միայն խոսում են։ Ռուսներն աշխատում են բարձր տեմպերով ու արդյունքներ են ցույց տալիս, իսկ մենք արդյունքներ չունենք, որովհետև մշտապես շարժվում ենք արդյունաբերության ու տեխնիկայի հարցերից հեռու կանգնած պոռոտախոս մարդկանց ցուցումներով, այդպիսի ցուցումները տեխնիկայում չեն անցնում, չեն աշխատում: Ստիպված եմ շտապել ու հելիոֆիկացիայի ծրագրի իրականացման համար հնարավոր ելքեր փնտրել:
(շարունակելի)
Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ